Նաիրա Աջամյան
Հարգելի այցելու,
Ազգային առաջնորդության ինստիտուտ (ԱԱԻ) հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ. և իբրև քրիստոնեական կրթական կենտրոն կոչված է նպաստել երիտասարդների Աստվածճանաչողությանը և առաջնորդել նրանց Հայ Առաքելական եկեղեցի:
ԱԱԻ-ը, որպես երիտասարդական կառույց, 2007 թվականից գործում է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի հովանու ներքո և վայելում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու հոգևոր աջակցությունը: Ներկայումս ԱՆԻ ծրագրերում ներգրավված շուրջ հարյուր երիտասարդների հովիվն է Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, և մենք վայելում ենք նրա քաջալերական ներկայությունն ու դասավանդումը ոչ միայն կանոնավոր դասընթացների, այլև ուխտագնացությունների ժամանակ։
ԱԱԻ-ի առաքելությունն է երիտասարդների շրջանում զարգացնել քրիստոսանման առաջնորդական որակներ և հմտություններ, ազգահայրենասիրություն և սոցիալական
պատասխանատվություն` ի նպաստ Հայ Առաքելական եկեղեցու և պետականության:
ԱԱԻ-ի նպատակներն են`
- հայ երիտասարդին մատչելի կերպով ներկայացնել ճշմարիտ քրիստոնեական հավատքը,
- առաջնորդել նրան եկեղեցի` ծանոթացնելով Հայ Առաքելական եկեղեցու սրբազան ավանդությանը և ծեսին,
- օգնել նրան կիրառելու աստվածաշնչյան սկզբունքներն իր առօրյա կյանքում,
- օգնել նրան բացահայտելու և զարգացնելու իր աստվածատուր շնորհները և դրանք խոնարհաբար ծառայեցնելու Մայր եկեղեցուն:
ԱԱԻ-ի գործունեության հիմքում ընկած է քրիստոսանմանությունը, որը կենսագործվում է հետևյալ սկզբունքների միջոցով`
- խոնարհություն և նվիրում,
- ծառայողական առաջնորդություն,
- սեր և հանդուրժողականություն,
- փոխադարձ հարգանք և վստահություն,
- ազնվություն և հաշվետվություն:
Այդ ամենն իրականացվում է դասընթացների, սեմինարների, զրույց-քննարկումների, մշակութային միջոցառումների և ուխտագնացությունների, ինչպես նաև կամավոր աշխատանքների միջոցով:
ԱԱԻ-ի ընթացիկ ծրագրերն են`
- «Առաքելական սերունդ»,
- «Քրիստոսանման առաջնորդության զարգացում»,
- «Քրիստոնեական ինտեգրում հաշմանդամ երիտասարդների համար»,
- «Մարտահրավեր» ճամբար,
- «Ծնողավարման կենտրոն»։