Մեր պատմությունը
Ազգային առաջնորդության ինստիտուտ գիտամշակութային հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականին` Երևանում:
Կազմակերպության հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում զարգացնել աշխարհական քրիստոնյա առաջնորդությունը` նրանց Աստվածաշնչի և Մայր եկեղեցու մասին գիտելիքներ տալու, քրիստոնեական սկզբունքներն իրենց կյանքում կենսագործելու համար խորհրդատվություն և աջակցություն ապահովելու միջոցով, որպեսզի նրանք իրենց նպաստը բերեն Հայ Առաքելական եկեղեցու զորացմանը:
Կազմակերպության հիմնադիր նախագահն աստվածաբանության դոկտոր Պետրոս Գրիգորի Մալաքյանն է, ում հարուստ կենսափորձն ու կրթությունը վճռորոշ դեր են ունեցել կազմակերպության կայացման հարցում: Ծնունդով գյումրեցի Պ. Մալաքյանը քրիստոնեական հավատի հենքը ժառանգել է իր հայրենադարձ ծնողներից, որոնց հետ միասին 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո մեկնել է ԱՄՆ` այն փափագով, որ ստանա աստվածաբանական կրթություն և վերադառնա հայրենիք:
1999 թվականին Պ. Մալաքյանը դոկտորական աստիճան է ստանում Կալիֆորնիայի Ֆուլլեր Աստվածաբանական ճեմարանում և ընտանիքով վերադառնում Հայաստան: Այստեղ նա ծանոթանում է Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր և առաջին դեկան, երջանկահիշատակ Շահե Արքեպիսկոպոս Աճեմյանի հետ և վերջինիս օրհնությամբ սկսում է դասավանդել ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում: Միաժամանակ նա հիմնում է «Նոր կյանք ինստիտուտ» գիտամշակութային հասարակական կազմակերպությունը, որն էլ 2003 թվականին վերանվանվում է «Ազգային առաջնորդության ինստիտուտ» (այսուհետ` ԱԱԻ):
Շահե Արքեպիսկոպոսի առաջարկությամբ Պ. Մալաքյանն սկսում է Աստվածաշնչի վերաբերյալ զրույցներ վարել Աստվածաբանության ֆակուլտետին կից գործող Հայ Առաքելական եկեղեցու ուսանողական միությունում և այնտեղ կանոնավոր կերպով հաճախող տասնհինգ երիտասարդի հրավիրում է մասնակցելու ԱԱԻ-ի կողմից կազմակերպվող «Քրիստոսանման առաջնորդության զարգացման» դասընթացին: Եկեղեցասեր երիտասարդների այդ խումբը, Սաղմոսավանքում մասնակցելով Սուրբ Պատարագին, ցանկություն է հայտնում ձևավորել սիրողական երգչախումբ և ամեն կիրակի գնալ Սաղմոսավանք: Այս նախաձեռնությունն արժանանում է ոչ միայն տեղի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Գաբոյանի, այլև այն ժամանակ Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ (ներկայումս` Վիրահայոց թեմի առաջնորդ) Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությանն ու քաջալերանքին:
Այսպես, 2001 թվականից ի վեր, ԱԱԻ-ում ուսուցումն զուգակցվում է սաների կողմից եկեղեցանպաստ տարբեր ծրագրերի իրագործմամբ: Ծրագրերի իրականացման վայրը գլխավորապես Երևանն է, սակայն ԱԱԻ-ի սաները բաց չեն թողնում նաև մայրաքաղաքից դուրս գալու որևէ հնարավորություն: Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ պարբերաբար դասընթացներ և ուխտագնացություններ են իրականացվել Գյումրիում, Հառիճավանքում և այլուր: Սեմինարների անցկացման համար ԱԱԻ-ի սաների սիրելի սրբավայրերից են նաև Հաղպատավանքը (Գուգարաց թեմ), Գանձասարի վանքը (Արցախի թեմ) և Կեչառիս եկեղեցին (Կոտայքի թեմ):
ԱԱԻ-ի կանոնավոր ծրագրերից առավել ուշագրավ են 2002 թվականին Սաղմոսավանքին կից կիրակնօրյա դպրոցի հիմնումը, որը հետագայում իրականացվեց նաև հարակից Օհանավան, Կարբի, Մուղնի և Ուշի համայնքներում, Այդ ծրագիրը գործեց մինչև 2013 թվականը, 2003-2009 թվականների ընթացքում արվեստի միջոցով քրիստոնեական արժեքները ներկայացնող մշակութային միջոցառումների շարքը, «Քրիստոնեական ինտեգրում հաշմանդամ երիտասարդների համար» ծրագիրը, «Կանթեղ» ծրագիրը, որն ուղղված է մանկատներում և հատուկ դպրոցներում քրիստոնեական կրթություն իրականացնելուն, ինչպես նաև բազմաթիվ այլ ծրագրեր և սեմինար-ուխտագնացություններ դեպի Հայաստանի և Արցախի տարբեր սրբավայրեր:
2006 թվականից կազմակերպության հիմնադիր նախագահի նախաձեռնությամբ ԱԱԻ-ի ղեկավարությունն ստանձնեցին նրա սաները, իսկ Պ. Մալաքյանը հնարավորություն ունեցավ առավելապես զբաղվելու գիտական աշխատանքով: 2007 թվականին դոկտ. Պ. Մալաքյանն Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի կողմից ձեռնադրվեց որպես ուրարակիր դպիր, և միաժամանակ, Ազգային առաջնորդության ինստիտուտը, նույն սրբազան հոր օրհնությամբ սկսեց գործել Արարատյան Հայրապետական թեմի հովանու ներքո:
Այժմ Ազգային առաջնորդության ինստիտուտի շուրջ համախմբված երիտասարդների հոգևոր հովիվն է ԱՀԹ եկեղեցասեր երիտասարդաց միությունների համակարգող, Արարատ միության հոգևոր հովիվ տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: