Իրականացված ծրագրեր
Գործունեության 20 տարիների ընթացքում մեր իրականացրած ծրագրերն են՝
Կանթեղ
Ֆիլմ Ճամբար
Ֆիլմ Խմբակ
Ամուսնական դասընթաց
Կիրակնօրյա դպրոցներ
Այս ծրագիրը մեկնարկել է 2001թ. Արագածոտնի թեմի Սաղմոսավան համայնքում կիրակնօրյա դպրոցի հիմնադրմամբ: ԱԱԻ-ի կամավորների թվի ավելացմանը զուգընթաց՝ կիրակնօրյա դպրոցներ բացվեցին սկզբում Օհանավան, Կարբի, Մուղնի, իսկ 2010թ. սեպտեմբերից՝ նաև Ուշի համայնքում: Գործող հինգ կիրակնօրյա դպրոցներ էր հաճախում 200 և ավելի դպրոցահասակ երեխա: Արագածոտնի թեմում ծրագիրն ավարտվեց 2013 թ. Մարտին` ամփոփվելով Ս. Զատկի տոնակատարությամբ:
2014 թվականի սեպտեմբերի 14-ին, Արարատյան Հայրապետական թեմի օրհնությամբ և թույլատրությամբ, մեկնարկեց Ազգային Առաջնորդության Ինստիտուտի կողմից կազմակերպվող «Կիրակնօրյա դպրոցներ» ծրագիրը՝ վերը նշված թեմում: Ծրագիրն իրականացվում է Արարատի մարզի Դալար գյուղում, սակայն, հնարավորության դեպքում, այն հետագայում կարող է իրականացվել նաև այլ համայնքներում:
«Կիրակնօրյա դպրոցներ» ծրագրի հիմնական նպատակն է դպրոցականներին կրթել հայեցի ու քրիստոնեավայել դաստիարակությամբ, կապել Մայր եկեղեցուն, օգնել նրանց հասկանալու և մասնակցելու Սբ. Պատարագներին ու եկեղեցական արարողակարգերին: Մեկօրյա դպրոցում հոգևոր դասերից բացի աշակերտների համար կազմակերպվում են խմբակներ, որոնք նպաստում են երեխաների հոգևոր կրթությանն ու դաստիարակությանը, ինչպես նաև վաղ տարիքից նրանց շնորհների բացահայտմանն ու զարգացմանը:
Կիրակնօրյա դպրոցների աշակերտների համար կազմակերպվում են նաև արտագնա ուխտագնացություններ: Դրանք, սովորաբար, ունենում են քննարկման որևէ կոնկրետ հոգևոր խորագիր, և հագեցած են լինում թիմային արդյունավետ աշխատանքով, ինտելեկտուալ խաղերով ու ժամանցով:
Կիրակնօրյա Դպրոցներ ծրագիրը ավարտվեց 2016թ․:
PStudio
PStudio-ն արվեստի ծառայություն էր հիմնադրված 2005թ-ին , որը ղեկավարում էր երիտասարդ արվեստագետների և աշխարհիկ առաջնորդների թիմը, որոնք Ազգային առաջնորդության ինստիտուտի ՔՆԱԶ շրջանավարտներ էին: PStudio-ի արվեստագետները հավատարմորեն ծառայում էին Հայ Առաքելական Եկեղեցուն, նրա վերածննդի և հայ քրիստոնեական ժառանգության վերականգնման համար:
PStudio-ի առաքելությունն է նպաստել Հայաստանի երիտասարդ արվեստագետների հոգևոր զարթոնքին և աճին դեպի աստվածահաճո գեղարվեստական ստեղծագործություն և կառուցել արվեստի համայնք, որը հիմնված է Սուրբ Գրքի ճշմարտության և քրիստոնեական հոգևոր արժեքների վրա: 5 տարիների ընթացքում PStudio-ում ընդգրկված են եղել ավելի քան 40 երիտասարդ արվեստագետներ ԱԱԻ-ի ակադեմիական և/կամ ստեղծագործական նախագծերում: PStudio-ի կողմից կազմակերպվող մշակութային երեկոները ավետարանչական հանդիպումներ էին երիտասարդ մեծահասակների համար՝ Ավետարանի ուղերձները հաղորդելու արվեստի տարբեր ճյուղերի միջոցով (դրամա, երաժշտություն, նկարչություն, ֆիլմեր, ինտերակտիվ քննարկումներ և այլն):
PStudio ծրագիրը ավարտվեց 2010թ․։
Կանթեղ
2011թ. հոկտեմբերից Ազգային առաջնորդության ինստիտուտում ծնունդ առավ ևս մեկ ծրագիր` «Կանթեղ» (քրիստոնեական կրթություն մանկատներում և հատուկ դպրոցներում), որն սկզբում իրականացվում էր Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: Այս մանկատանն ապրում էին մինչև 14 տարեկան երեխաներ, որոնցից ոմանք ունեին նաև տարբեր ֆիզիկական խնդիրներ: Սաներին այլ մանկատներ ուղարկելուց ու մանկատան կարգավիճակի փոփոխումից հետո ծրագիրը, 2012 թ. Նոյեմբերից, իրականացվեց Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում:
Ծրագիրը նպատակ ունի աջակցել մանկատների ու հատուկ դպրոցների սաների հոգևոր գիտելիքների ձեռքբերմանը, քրիստոնեական ոգուն և արժեհամակարգին համապատասխան մտածողության ու ապրելակերպի արմատավորմանն ու զարգացմանը: Այս ամենի միջոցով հնարավոր կլինի ամրապնդել կապը Հայ Առաքելական եկեղեցու հետ:
Բացի սաների հետ աշխատանքից` աշխատակիցների և մանկավարժների համար նաև կազմակերպվում են զրույց-քննարկումներ քրիստոնեական տարբեր թեմաների շուրջ:
Հոգևոր դասից հետո երեխաները հնարավորություն ունեն մասնակցելու զանազան բնույթի խմբակների, որոնք նպաստում են երեխաների անհատական կարողությունների ձևավորմանը և շնորհների բացահայտմանը:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են ուխտագնացություններ, այցելություններ պատմամշակութային վայրեր:
Եռամյա այս ծրագրի ավարտին ակնկալվում է, որ երեխաներն իրենց կհամարեն Աստծու ստեղծագործություն, իրենց քրիստոնեական վարքով օրինակ կծառայեն շրջապատի համար, կանոնավոր կերպով կմասնակցեն եկեղեցական արարողություններին, կարժևորեն իրենց կյանքը որպես ճշմարիտ քրիստոնյաներ, կազատվեն մի շարք հոգեբանական բարդույթներից, իրենց կզգան հասարակության լիարժեք անդամներ և կներգրավվեն որևէ հոգևոր կամ հասարակական գործունեության մեջ:
Կանթեղ ծրագիրը ավարտվեց 2018թ․:
Ֆիլմ ճամբար
2013 - 2014թթ․ -ին ԱԱԻ-ն Inside|Out Global կազմակերպության հետ համատեղ իրականացրեց Ֆիլմ Ճամբար ծրագիրը։
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝
• Յուրաքանչյուր աշակերտի հոգեւոր արժեքները հիմնված Աստվածաշնչյան աշխարհայացքի վրա,
• Անհատական պատմությունները,
• Ուսանողների նկարահանած ֆիլմերի պրեմիերաները եւ լրացուցիչ ձեռքբերումները,
• Ուսանողներին ստեղծագործելու այլ հնարավորությունների առաջարկումը։
Ծրագիրը արտագնա էր /ք. Գյումրի/ և տևում էր երկու շաբաթ: Սկսում էր կիրակի երեկոյան և ավարտվում էր շաբաթ երեկոյան: Օրակարգը համատեղում էր ֆիլմ նկարահանելու հիմունքների ուսուցումը և պրակտիկ նկարահանումները: Տարբեր միջոցառումները, ինչպես նաև կազմակերպիչների պատմությունները, օգտագործվում էին շեշտելու անձնական պատմությունների գեղեցկությունը ու յուրահատկությունը և խրախուսելու մասնակիցներին կիսվելու իրենց անձնական պատմություններով:
Ծրագրին մասնակցել են 15-20 տարեկան 14 պատանի: Մասնակիցները բաժանվել են երկու խմբերի, որոնք կոչվել են պրոդյուսերական ընկերություններ: Յուրաքանչյուր “պրոդյուսերական ընկերություն” ստեղծել է իր ֆիլմը, հիմնված մասնակիցներից մեկի պատմության վրա կամ մի քանի պատմություններից հավաքագրված կոմպոզիցիայի վրա: Մասնակիցները իրենք գրել են սցենարները, անց են կացրել նկարահանումները, խաղացել են իրենց ֆիլմերում: Ծրագրի վերջում երկու ֆիլմերը ցուցադրվել են ծնողներին, ընկերներին և հյուրերին “Ֆիլմերի Պրեմիերա” միջոցառման ժամանակ:
Ֆիլմ ճամբար ծրագիրը ավարտվեց 2014թ․:
Ֆիլմ Խմբակ
Ամերիկյան Inside/Out Global կազմակերպության և Ազգային առաջնորդության ինստիտուտի համագործակցությամբ 2014 թվականից իրականացվում է «Ֆիլմ խմբակ» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է ստեղծել ստուդիա՝ օգնելու երիտասարդներին արտահայտել իրենց ստեղծագործական մտահղացումները և ապրումները ֆիլմերի և այլ տեսանյութերի միջոցով: Խմբակը դաձել է մի վայր, որտեղ մասնակիցները կարող են ազատ արտահայտվել, կիսվել իրենց պատմություններով և ներկայացնել այսօրվա Հայաստանը՝ իր սոցիալական, տնտեսական, քաղաքական խնդիրներով, բայց այդ խնդիրներն անցկացնելով սեփական պրիզմայով և հիմնվելով անձնական ապրումների ու զգացողությունների հիման վրա: Ստուդիան միջավայր է ստեղծել կրթական և ստեղծագործական մտահղացումների համար:
Ծրագրին մասնակցում են 16-24 տարեկան երիտասարդներ: Դասերն անցկացվում են շաբաթական 2 անգամ: Մասնակիցների քանակը առավելագույնը 12 հոգի է, որոնք ընտրվում են հատուկ մրցույթի միջոցով, որին ներկայացնում են ինքնակենսագրական և մեկ ստեղծագործություն:
Ծրագրի ընթացքում երիտասարդները սովորում են.
- կինոարտադրություն (դերերն ու անելիքները)
- ինչպես գրել և զարգացնել սցենար
- օպերատրություն
- լուսավորություն
- ձայն
- մոնտաժ
- Ֆիլմերի դիտում, քննարկում և վերլուծություն (դիտվում է 100 լիամետրաժ և 50 կարճամետրաժ ֆիլմ)
Ծրագրի արդյունքում նկարահանվում է 1 կարճամետրաժ ֆիլմ և 1 սոցիալական հոլովակ՝ մասնակիցների ջանքերով և նրանց սեփական մտահղացման արդյունքում: Այնուհետև այդ ֆիլմերը մասնակցում են տարբեր ցուցադրությունների և փառատոների: Բացի դրանից ծրագրի ընթացքում երիտասարդները մասնակցում են այլ ֆիլմերի և պրոեկտների նկարահանումների, հանդիպում տարբեր մասնագիտությունների տեր ժամանակակից ֆիլմարտադրողների հետ:
Ֆիլմ խմբակ ծրագիրը ավարտվեց 2017թ․:
Ամուսնական դասընթաց
Ամուսնական դասընթացը սկիզբ է առել Լոնդոնում, 1996 թվականին, իսկ նյութերը առաջին անգամ լույս են ընծայվել 2001 թվականին: Ազգային Առաջնորդության Ինստիտուտը իրականացնում է այս ծրագիրը 2005 թվականից։ Այս դասընթացը ամուսնացած զույգերի համար է. անկախ այն բանից` նրանք միասին են մեկ, թե վաթսունմեկ տարի, լավ հարաբերությունների, թե անհաշտության մթնոլորտում են: Այս դասընթացի գործնական մեթոդները կիրառելի են բոլորի համար:
Դասընթացը կազմված է 7 մասից, որոնք եզրափակվում են Ամուսնական դասընթացի խնջույքով:
Կա նաև մեկ ընտրովի թեմա, որն անվանվում է «Ինչպես վարվել բաժանման պահերին». սա նախատեսված է զինված ուժերում ծառայողների կամ էլ հարկադրաբար իրարից անջատ գտնվողների համար:
Յուրաքանչյուր դաս սկսվում է ճաշով։ Ճաշից հետո առաջնորդները ողջունում են հյուրերին, ցուցումներ տալիս և համառոտ ամփոփում նախորդ դասը: Հետո սկսվում է կենդանի դասը կամ էլ տեսաժապավենի ցուցադրությունը:
Յուրաքանչյուր դասի ընթացքում կան ընդմիջումներ, որպեսզի զույգերը քննարկեն առաջացած հարցերը:
"Ամուսնական դասընթաց" ծրագիրը ավարտվեց 2007թ․: