«Քրիստոսանման առաջնորդության զարգացման» ծրագիր
ԱԱԻ-ում 2002թ. սկսած` անցկացվում է «Քրիստոսանման առաջնորդության զարգացման» (ՔՆԱԶ) ծրագիրը: Այս եռամյա ուսումնական դասընթացի նպատակն է պատրաստել քրիստոնյա աշխարհական առաջնորդներ, ովքեր ոչ միայն կյուրացնեն և անձամբ կկենսագործեն քրիստոնեական սկզբունքները, այլև պատրաստ կլինեն փոխանցելու այդ արժեքներն ուրիշներին` եկեղեցանպաստ ծրագրեր և միջոցառումներ նախագծելու, կազմակերպելու և իրականացնելու միջոցով:
Ուսուցումն իրականացվում է դասախոսությունների, սեմինարների և գործնական հանձնարարությունների միջոցով: Ծրագիրը բաղկացած է երեք փուլից` Աշակերտության, Ծառայության և Ծառայողական առաջնորդության: Ուսանողներն այս ծրագրին կարող են մասնակցել ամբողջությամբ կամ մասնակի:
ՔՆԱԶ ծրագրի առաջին` Աշակերտության փուլին կարող են մասնակցել այն երիտասարդները, ովքեր բավարար գիտելիքներ ունեն Աստվածաշնչի, Հայ Առաքելական եկեղեցու ավանդության ու ծեսերի մասին: Փուլի ընթացքում մասնակիցները հիմնարար գիտելիքներ են ստանում ոչ միայն քրիստոնեական հավատքի, արժեհամակարգի և սկզբունքների մասին, այլև ձեռք են բերում այդ արժեքներն անձնական կյանքում կենսագործելու փորձառություն:
Ծառայության փուլը հնարավորություն է տալիս մասնակիցներին գիտելիքները համալրելուն զուգահեռ նաև կիրառել իրենց հմտություններն ու շնորհները եկեղեցանպաստ որևէ ծրագրի մեջ: Փուլի ընթացքում անցկացվող դասընթացներն ուղղված են անձի ինքնաճանաչմանը, շնորհների և դրանց կատարելագործման հնարավորությունների բացահայտմանը, ինքնատիրապետում և ծառայելու պատրաստակամություն ունեցող անձի ձևավորմանը: Այս փուլի պարտադիր մասն է կազմում մասնակիցների ծառայությունն ԱԱԻ-ի կողմից կազմակերպվող որևէ ծրագրում մասնակցությունը:
Ծառայողական առաջնորդության փուլի նպատակն է մասնակիցների մեջ ձևավորել առաջնորդի որակներ, հատկանիշներ, զարգացնել նրանց կազմակերպչական և թիմային աշխատանքի կարողությունները, որոնք նպաստում են որևէ ծրագրի մեջ առաջնորդական դեր ստանձնելուն:
Քրիստոսանման առաջնորդության զարգացման դասընթացն ավարտելուց հետո մասնակիցը կարող է կազմակերպել նոր ծրագիր կամ ստանձնել ԱԱԻ-ում իրականացվող որևէ ծրագրի համակարգումը: